«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Սահմանների մասին որոշումները պահանջում են պատասխանատվություն նաև նրանց առջև, ովքեր դեռ չեն ծնվել

Սահմանների մասին որոշումները պահանջում են պատասխանատվություն նաև նրանց առջև, ովքեր դեռ չեն ծնվել
15.10.2026 | 11:36

Պետության սահմանը քարտեզի վրա գծված գիծ չէ միայն։ Այդ գծի ներսում մարդկանց տներն են, ճանապարհները, հիշողությունը և վաղվա օրվա մասին պատկերացումները։ Ուստի սահմանների մասին որոշումները պահանջում են ավելին, քան քաղաքական լավատեսությունը։ Դրանք պահանջում են պատասխանատվություն նաև նրանց առջև, ովքեր դեռ չեն ծնվել, բայց ապրելու են այդ որոշումների հետևանքներով։

Երեկ, հոկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, և խնդիրը պետք է լուծվի տարածքների փոխանակմամբ։ Հայաստանի տարածքն էլ, ըստ նրա, պետք է կազմի 29,743 քառակուսի կիլոմետր։ Իսկ Ադրբեջանի համաձայնության վերաբերյալ վարչապետն առայժմ ունի «նախնական տպավորություն», որ նման լուծումը հնարավոր է։

Տպավորությունը կարող է բանակցություն սկսելու հիմք լինել, սակայն պետության տարածքային ապագայի նկատմամբ հանրային վստահություն պահանջելու համար այն բավարար չէ։

Մինչդեռ հանրությանը չեն ներկայացվել փոխանակման քարտեզը, իրավական հիմքերը, անվտանգության հաշվարկը և Ադրբեջանի ստանձնելիք պարտավորությունները։ Բայց արդեն առաջարկվում է հավատալ խաղաղության հերթական խոստմանը։ Այս անհամաչափությունը դարձել է իշխանության քաղաքական ձեռագիրը, երբ սպասվող ձեռքբերումը ներկայացվում է վստահությամբ, իսկ դրա գինը մնում է անորոշության մեջ։

Տարածքների փոխանակումն ինքնին կարող է լուծում լինել։ Սակայն այն պետք է գնահատել պետության հետագա կենսունակությամբ։ Փոխանակումից հետո սահմանն ավելի պաշտպանելի՞ է լինելու, ճանապարհներն ավելի անվտա՞նգ, բնակավայրերը՝ ապրելու համար ավելի հուսալի՞։

Քառակուսի կիլոմետրերի հավասարությունը այս հարցերի պատասխանը չէ։ Մի տարածքը ճանապարհ է պահում, մյուսը՝ ջրային աղբյուր, երրորդը՝ պաշտպանական դիրք։ Դրանց մակերեսները կարող են հավասար լինել, իսկ կորուստների ու ձեռքբերումների կշիռը՝ անհամեմատ տարբեր։

Կարևոր է հասկանալ, որ պետությունն ունի և՛ մակերես, և՛ կենսատարածք։ Առաջինը կարելի է պահպանել թվերի մեջ՝ երկրորդը վտանգելով իրականության մեջ։

Տիգրանաշենի դեպքում հարցը նաև Հայաստան–Իրան ուղղությամբ գործող միջպետական ճանապարհն է։ Արծվաշենի դեպքում՝ տարածքային իրավունքը, տեղահանված մարդկանց ունեցվածքը և բանակցային իրական արժեք ունեցող ռեսուրսները։ Այս ամենը չի տեղավորվում «տարածք՝ տարածքի դիմաց» պարզունակ բանաձևի մեջ։

Եթե ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը փոխվում է, դրա անվտանգ այլընտրանքը պետք է արդեն գործի։ Եթե սահմանագիծը փոխվում է, դրա պաշտպանելիությունը պետք է նախապես հաշվարկված լինի։ Եթե մարդիկ կորցնում են վերադարձի կամ սեփականությունից օգտվելու հնարավորությունը, նրանց իրավունքների պաշտպանությունը չի կարող թողնվել քաղաքական հայտարարության լուսանցքում։

Նույնքան հստակ պետք է ներկայացվի Հայաստանի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող մյուս տարածքների ճակատագիրը։ Սեփական տարածքի նկատմամբ վերահսկողության վերականգնումը չպետք է վերածվի դիմացինի «զիջման», որի դիմաց մեզանից նոր վճար են պահանջելու։

Չպետք է մոռանալ նաև սահմանադրական պատասխանատվության մասին։ Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեով։ Ընդհանուր մակերեսի պահպանումն ինքնին չի վերացնում տարածքային պատկանելության փոփոխության հարցը։ Իսկ հանրաքվեի քաղաքական լեգիտիմությունը ենթադրում է տեղեկացված ընտրություն՝ քարտեզով, պայմաններով և հետևանքների ազնիվ ներկայացմամբ։

Ժողովրդի համաձայնությունը արժեք ունի, երբ նրան հնարավորություն է տրվում հասկանալու և ընտրելու։ Անորոշության ու պատերազմի վախի միջև կատարված ընտրությունը անարժեք է և ճորտային։

Իսկ իրականում խաղաղության քաղաքական արժեքը չափվում է նրանով, թե այն որքանով է ազատում հասարակությանը վախից և պետությանը՝ խոցելիությունից։ Առանց այդ արդյունքի սեփական խոստումը «պատմական ձեռքբերում» հռչակելը քաղաքական ցինիզմ է և արկածախնդրություն։ Իսկ դրա իրական գնահատականը տալու են մարդիկ՝ իրենց անվտանգությամբ, և սերունդները՝ մեր թողած պետությամբ։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 247

Մեկնաբանություններ